06 10 2023

Ադրբեջանն այս անօրինական ազատազրկումներով իր համար գլոբալ հարցեր է լուծում` նվաստացնել հայ ժողովրդին․ Արման Թաթոյան

Ադրբեջանն այս անօրինական ազատազրկումներով իր համար գլոբալ հարցեր է լուծում` նվաստացնել հայ ժողովրդին․ Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է. 

«Վերջին օրերին ադրբեջանական իշխանության կողմից Արցախի պաշտոնաթող ու գործող առաջնորդների, հանրային-պետական գործիչների ազատազրկումներն ու առևանգումները բացահայտ անօրինական են և բացարձակ կամայական, հանցավոր արարքներ են:

Այս որոշումները բացառապես պայմանավորված են ադրբեջանական իշխանության հայատյաց ֆաշիստական քաղաքականության, վրեժի շարժառիթներով:

Արցախի նախագահները, Ազգային ժողովը, պետական մյուս ինստիտուտները խորհրդանշում են Արցախի պետականությունը, հայ ժողովրդի անկոտրում ոգին ու մեր զարթոնքը, մեր իրավունքների համար արդար պայքարը:

Ուստի, ադրբեջանական իշխանությունն այս անօրինական ազատազրկումներով ու քաղաքական հետապնդումներով իր համար գլոբալ հարցեր է լուծում` նվաստացնել հայ ժողովրդին, նսեմացնել մեր ազգային արժեքները, ոչնչացնել պայքարի ոգին ու մեր էթնիկ ինքնությունը, իբր ցույց տալ իրենց ժողովրդի առավելությունները հայ ժողովրդի ազգային ու անձնական արժանապատվությունը նվաստացնելու հաշվին:

Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունը հատուկ հենց այդ նպատակներով էլ հրապարակել է նրանց բոլորի ազատազրկման ու հետապնդման տեսանյութերն ու լուսանկարները:

Հետևաբար, նրանց ազատ արձակումը ադրբեջանական անօրինական գերությունից բոլորիս խնդիրն է: Հայաստանի իշխանությունն ունի ամեն քայլ գործադրելու իրավական ուղղակի պարտավորություն` անօրինական հետապնդումներից մեր հայրենակիցներին ազատելու համար:

Ինչպես արդեն ասել եմ, նրանց ազատ արձակելու նպատակի համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելն անհրաժեշտ, բայց որևէ կերպ բավարար չէ. դրա համար պահանջվում է քաղաքական ու իրավական քայլերի ամբողջություն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ